Կանգուն ալիքներ
Կանգուն ալիքներ, բաշխված համակարգում (օրինակ, առաձգական միջավայր կամ էլեկտրամագնիսական դաշտ) միևնույն ամպլիտուդով և տարածման հակառակ ուղղություններով երկու վազող ալիքների ինտերֆերենցիայի հետևանքով ճնշումների և արագությունների բաշխումը կանգուն ալիքում՝ բաց և փակ ծայրերով խողովակի դեպքում առաջացող տատանումներ։
Կանգուն ալիքներն առաջանում են արգելքներից և միջավայրի անհամասեռություններից անդրադարձած ալիքների և ընկնող ալիքների վերադրմամբ (օրինակ, մի ծայրից ամրացված պարանի կամ մի կողմից փակ և օդով լցված գլանում մխոցի պարբերական տատանումների ժամանակ)։ Կանգուն ալիքների ամպլիտուդը կախված է ընկնող և անդրադարձած ալիքների փուլերի տարբերությունից։
Համակարգի այն կետերը, որտեղ կանգուն ալիքների ամպլիտուդն առավելագույնն է, կոչվում են ալիքի փնջվածքներ, իսկ այն կետերը, որտեղ ամպլիտուդը հավասար է զրոյի՝ ալիքի հանգույցներ։ Կանգուն ալիքի հարևան երկու փնջվածքների կամ հանգույցների հեռավորությունը հավասար է λ/2, իսկ հարևան փնջվածքի և հանգույցի հեռավորությունը՝ λ/4 (λ-ն վազող ալիքի երկարությունն է)։
Հարևան երկու հանգույցների միջև համակարգի մասնիկները տատանվում են միևնույն փուլերում, սակայն հանգույցով անցնելիս փուլը թռիչքաձև փոխվում է π-ով (ի տարբերություն վազող ալիքների, կանգուն ալիքներում էներգիայի հոսք (փոխանցում) տեղի չի ունենում)։
Կանգուն ալիքներ են առաջանում նաև գերբարձր հաճախականության ալեհավաքներում, ալիքատարներում։ Օպտիկայում նույնպես հնարավոր է կանգուն ալիքի առաջացումը՝ էլեկտրական դաշտի տեսանելի մաքսիմումներով։ Եթե լույսը մեներանգ չէ, ապա տարբեր երկարության ալիքների փնջվածքները դասավորվում են տարբեր տեղերում, և դիտվում է գույների բաժանում։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կանգուն ալիքներ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 236)։ |