Մարտակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Մարտակերտ
ադրբ.՝ Cerabert
ադրբ.՝ Mardakert
ադրբ.՝ Ağdərə
Mardakert 002.jpg
Մարտակերտն 2002 թվականին
ԵրկիրԱրցախ Արցախ
Տվյալ կարգավիճակում1923 թվականից
ԲԾՄ453 մետր
Բնակչություն4500[1] մարդ (2013)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմարտակերտցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 47 (4)
Փոստային ինդեքսներAZ5900
Ավտոմոբիլային կոդ59
##Մարտակերտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Մարտակերտ, քաղաք Արցախի հյուսիսարևելյան մասում, համանուն շրջանի վարչական կենտրոնը՝ Ստեփանակերտից կմ հյուսիս՝ Թարթառ գետի միջին հոսանքի աջ կողմում՝ 450 մետր բարձրության վրա։ Մարտակերտ համայնքի կազմում ներառվել են նաև Հայկաջուր, Ջրաբերդ, Մարալյան Սարով, Լևոնարխ գյուղերը։ Վարչական տարածքը՝ 4600 հեկտար է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը «Մատուռակերտի» հնչյունափոխված ձևն է։ Կան նաև «Մարդակերտ»՝ մարդու կերտած, կամ «Մարտակերտ»՝ մարտերում կերտված տարբերակները։ Գորանբոյ գործողության ընթացքում՝ 1992 թվականի հուլիսի 4-ին ադրբեջանցիները գրավում են Մարտակերտը և անվանում այն «Աղդերե»՝ այն կցելով Թարթառի շրջանին։ Քաղաքի ադրբեջաներեն անվանումը նշանակում է «սպիտակ ձոր»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտակերտը որպես գյուղ հիշատակվում է առնվազն 19-րդ դարից, երբ այստեղ կառուցվել է սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Այդ ժամանակ վարչականորեն գտնվում էր Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի գավառի մեջ։ 1923 թվականին, երբ կազմավորվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, գյուղը խոշորագույնն էր դրա հյուսիսում, ուստի դառնում է շրջանի կենտրոն։ Քաղաքատիպ ավանի կարգավիճակ է ստանում 1960 թվականին՝ Մատաղիսից հետո (1943)։ Արցախի անկախության տարիներին բնակավայրը ստանում է քաղաքի կոչում։

Խորհրդային տարիներին Մարտակերտը հայտնի էր հիմնականում գյուղատնտեսական և սննդի արդյունաբերությամբ, տնտեսական կապի մեջ էր իրենից ոչ հեռու գտնվող Մարգուշևան (Լենինավան, Մարաղա) հայկական և Միր-Բաշիր (Թարթառ) ադրբեջանական քաղաքների հետ։ Երկաթուղային կապն ապահովվում էր Աղդամ և Բարդա, հազվադեպ՝ մարզկենտրոն Ստեփանակերտ քաղաքների հետ։ Ավտոխճուղով կապված էր վերոնշյալ քաղանքերին, ինչպես նաև՝ Քելբաջարին (Քարվաճառ)։ Վերջինս Ադրբեջանական ԽՍՀ մյուս շրջանների հետ կապվում էր միայն ԼՂԻՄ Մարտակերտի շրջանով։ Քաղաքի բնակչությունն աճեց ավելի քան երկու անգամ։

1988-1994 թվականների Արցախյան շարժման սկզբին Մարտակերտի հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները կազմակերպել են բողոքի ցույցեր, ստորագահավաք և այլն։ Ռազմական գործողությունները վերաճեցին պատերազմի, երբ ԼՂԻՄ-ը և Շահումյանի շրջանը անկախացան (սեպտեմբերի 2, 1991)՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Շրջանի տարածքը պաշտպանելու համար ստեղծվել են աշխարհազորայինների շտաբ (ընդհանուր համակարգող՝ Վ. Բեգլարյան, շտաբի պետ՝ Վ. Խոնդկարյան), ինքնապաշտպանական երեք զինված ջոկատներ (հրամանատարներ՝ Ա. Բաղդասարյան, Ա. Նավթալյան, Վ. Մինասյան)։ Մարտակերտում էր նաև շրջանում կազմավորված ինքնապաշտպանական բոլոր ջոկատների մարտական գործողությունները համակարգող շտաբը (համընդհանուր ղեկավար՝ Վ. Գալստյան, շտաբի պետ՝ Հայկազ Բաղմանյան)։ 1988-1992 թվականներին Մարտակերտի և Հայաստանի կամավորական ջոկատները, Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը մարտեր են մղել հակառակորդի գերակշիռ ուժերի դեմ։ 1992 թվականին քաղաքում ծավալվեցին ղարաբաղյան պատերազմի մարտերը․ սկզբում շրջանի արևմտյան հատվածում՝ Քելբաջարի շրջանի հարևանությամբ, գրավվեց դրա անկլավ Աղդաբան գյուղը։ Ստեփանակերտի և Շուշիի շուրջ վարվող մարտական գործողություններից հետո կռիվը տեղափոխվեց նաև Արցախի հյուսիս․ ապրիլի 10-ին տեղի է ունենում Մարաղայի կոտորածը։ Հուլիսի 4-ին ամառային հարձակման ընթացքում ադրբեջանցիները գրավեցին Մարտակերտը և վերահսկեցին այն գրեթե մեկ տարի։ Շուրջ 50 հազար բնակիչ ունեցող շրջանը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց, ապա 1993 թվականի հունիսի 27-ին քաղաքն ազատագրվեց Արցախի Պաշտպանության բանակի կողմից։ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարդևատրվել են 5, «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանով՝ 40 ազատամարտիկ։ Զոհվել է 134 ազատամարտիկ[3]։ Շրջան վերադարձան հայերի փոքր մասը։ Հուլիսի 28-ին Մարտակերտի մոտակայքում հանդիպում են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները՝ պայմանավորվելով կարճատև հրադադար հաստատել։ 1994 թվականին պատերազմն ավարտվում է, և Մարտակերտի մի քանի գյուղեր մնում են Ադրբեջանի կազմում։

Քաղաքը հրետանակոծվել է 2016 և 2020 թվականների պատերազմների ժամանակ, որոշակի վնասներ կրել նաև ռազմական գործողությունների ընթացքում (2008, 2010

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1989 ԽՍՀՄ բնակչության մարդահամարի՝ Մարտակերտում ապրում էր 8325 մարդ[4]։ Մինչև 1992 թվականի շրջանի գրավումը և հայ բնակչության բռնագաղթը Մարտակերտը մեծությամբ երրորդ քաղաքն էր (Ստեփանակերտից և Շուշիից հետո)։

Մարդահամարի թվական
1939[5]
1970[6]
1979[7]
2005[8]
հայեր 3 340
(89,8 %)
5 472
(96,3 %)
6 264
(93,6 %)
4 258
(99,9 %)
ադրբեջանցիներ 248
(6,7 %)
135
(2,4 %)
349
(5,2 %)
ռուսներ 105
(2,8 %)
44
(0,8 %)
41
(0,6 %)
ուկրաինացիներ 11
(0,3 %)
9
(0,2 %)
5
(0,1 %)
այլ 17
(0,5 %)
23
(0,4 %)
31
(0,5 %)
4
(0,1 %)
Ընդամենը 3 721 (100 %) 5 683 (100 %) 6 690 (100 %) 4 262 (100 %)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]